
196 դիտում
Կրծքագեղձի քաղցկեղը շարունակում է մնալ կանանց շրջանում ամենատարածված ուռուցքաբանական հիվանդություններից մեկը։ Միևնույն ժամանակ, ժամանակակից ախտորոշիչ մեթոդները հնարավորություն են տալիս հիվանդությունը հայտնաբերել վաղ փուլում, երբ բուժման արդյունավետությունը գրեթե հասնում է 100 տոկոսի։ Ո՞ր տարիքից պետք է սկսել հետազոտությունները, ինչպե՞ս ընտրել ճիշտ պատկերային հետազոտությունը, արդյոք վտանգավո՞ր է բիոպսիան և ինչու՞ չպետք է սպասել առաջին ախտանշաններին։ Այս թեմաների շուրջ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» փոդքաստի շրջանակում զրուցել ենք «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն»-ի բժիշկ-ռադիոլոգ Շաքե Հմայակյանի հետ։
Աշխարհում ամեն տարի արձանագրվում է շուրջ 2 միլիոն նոր դեպք, իսկ հիվանդությունից մահանոմ է մոտ 700 հազար մարդ։ Չնայած այս վիճակագրությանը՝ մասնագետները վստահեցնում են, որ վաղ ախտորոշման դեպքում կրծքագեղձի քաղցկեղը բուժելի հիվանդություն է։
«Այսօր մեր տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս հիվանդությունը հայտնաբերել դեռևս այն փուլում, երբ այն շոշափելի չէ։ Եթե քաղցկեղը հայտնաբերվում է վաղ շրջանում, բուժման արդյունավետությունը գրեթե 100 տոկոս է»,-նշում է բժիշկ Հմայակյանը։
Նրա խոսքով՝ տարածված սխալներից մեկն այն է, որ կանայք բժշկի դիմում են միայն գանգատների դեպքում։ «Կրծքագեղձն այն օրգաններից է, որի դեպքում հետազոտությունը պետք չէ պայմանավորել ախտանշաններով։ Մամոգրաֆիան հնարավորություն է տալիս հայտնաբերել նույնիսկ միկրոսկոպիկ փոփոխություններ և նախաքաղցկեղային վիճակներ, որոնք հնարավոր չէ շոշափել»,-ասում է մասնագետը։
Բժիշկը խորհուրդ է տալիս հետազոտությունները սկսել կրծքագեղձի ձևավորումից հետո՝ նախընտրելով սոնոգրաֆիան, իսկ 35-40 տարեկանում կատարել առաջին՝ բազիսային մամոգրաֆիան։ Նրա խոսքով՝ 40 տարեկանից հետո մամոգրաֆիան և սոնոգրաֆիան պետք է իրականացվեն պարբերաբար՝ բժշկական ցուցումներին համապատասխան։
Հմայակյանը շեշտում է, որ մամոգրաֆիան, սոնոգրաֆիան և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան չեն փոխարինում միմյանց, այլ լրացնում են։
Չնայած վերջին տարիներին իրականացվող իրազեկման արշավներին՝ շատ կանայք շարունակում են բժշկի դիմել միայն այն ժամանակ, երբ արդեն նկատում են կրծքագեղձում փոփոխություններ։ Սակայն, ըստ մասնագետի, այդ մոտեցումը սխալ է, քանի որ վաղ փուլում հիվանդությունը հաճախ որևէ ախտանիշ չի ունենում։
Բժիշկ Հմայակյանը նշում է, որ կրծքագեղձում շոշափվող յուրաքանչյուր գոյացություն դեռևս չի նշանակում քաղցկեղ։
«Եթե գոյացությունը շարժուն է, մատների տակ տեղաշարժվում է, շատ դեպքերում այն լինում է ֆիբրոադենոմա կամ կիստա, որոնք բարորակ գոյացություններ են։ Կիստան կարող է բորբոքվել, մեծանալ և ցավ պատճառել, սակայն դրանք հիմնականում չարորակ չեն»,-ասում է նա։
Միաժամանակ մասնագետը հորդորում է չանտեսել այնպիսի ախտանշանները, ինչպիսիք են կոշտ և ֆիքսված գոյացությունը, մաշկի կամ պտուկի ներքաշվածությունը, «նարնջի կեղևի» տեսքով փոփոխությունները կամ պտուկից, հատկապես արյունային արտադրությունը։
«Եթե քաղցկեղն արդեն շոշափվում է, սովորաբար այն վաղ փուլում չէ։ Հենց այդ պատճառով էլ կարևոր է չսպասել ախտանշանների ի հայտ գալուն և կանխարգելիչ հետազոտություններ անցնել նույնիսկ լիովին առողջ զգալու դեպքում»,-ընդգծում է բժիշկը։
Մասնագետն անդրադառնում է նաև բիոպսիայի շուրջ տարածված թյուր պատկերացումներին՝ նշելով, որ շատ հիվանդներ դեռևս վախենում են այդ հետազոտությունից՝ կարծելով, թե այն կարող է նպաստել հիվանդության տարածմանը։
«Սա ամենատարածված միֆերից մեկն է։ Տարիներ շարունակ աշխատելով ուռուցքաբանության ոլորտում՝ չեմ հանդիպել որևէ գիտական ապացույցի, որ բիոպսիան կարող է բարորակ գոյացությունը դարձնել չարորակ կամ արագացնել քաղցկեղի տարածումը։ Ողջ աշխարհում բիոպսիան համարվում է անվտանգ և ախտորոշման պարտադիր փուլ»,-նշում է Հմայակյանը։
Նրա խոսքով՝ բիոպսիան հնարավորություն է տալիս ուսումնասիրել գոյացության բջջաբանական կառուցվածքը, իսկ իմունահիստոքիմիական հետազոտությունը՝ պարզել ուռուցքի կենսաբանական առանձնահատկությունները և ընտրել ամենաարդյունավետ բուժման տարբերակը։
«Միայն բիոպսիայից հետո կարող ենք հասկանալ, թե բուժումը պետք է սկսել վիրահատությամբ, քիմիաթերապիայով, ճառագայթային կամ այլ թիրախային բուժմամբ։ Այս հետազոտությունը կատարվում է բացառապես պացիենտի շահերից ելնելով, որպեսզի ընտրվի առավել ճիշտ և արդյունավետ բուժման մարտավարությունը»,- ասում է բժիշկը։
Թեմայի շուրջ մի շարք այլ հարցերի պատասխանները ստանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը։